Վահան Տերյան բանաստեղծություններ
ՀՈՐՍ
Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…
ԷԼԵԳԻԱ
Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...
ԵՐԳ
Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞...
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։
ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
ՑՆՈՐՔ
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր...
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...
ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...ՄԹՆՇԱՂ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...
ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...
ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...
Պարույր Սևակ բանաստեղծություններ
Անկեղծ ասած
Անկեղծ ասած` այս ամնեից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս,որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել,
Վատդ թողած` լավդ թվել,
Հավատացրել , հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել `
Չտեսնված, չեղած մի դուռ:
Սակայն ի՞նչ եմ ստացել
Այդ ամենին ի տրիտուր:
Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կար:
Անկեղծ ասած` դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես կարծել երկար,
Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել:
Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի~նչ, ոչի~նչ:
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:
Անկեղծ ասած` քո տվածից ես հոգնել եմ:
Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու ... որ դու նման լինես իմ երազին:
Իսկ դու գիտե՞ս` ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»:
Հեքիաթն, այո, միտքս ընկավ...
Դու` հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնիչ կյանքում` ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...
Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը:
Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում,
Մե~կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մեկ` ասողին,
Մեկ` լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...
Գովերգում եմ
Գովերգում եմ այն խարույկը, որ բնավ չի մտահոգվում,
Թե իր մահն է իր իսկ բոցը:
Գովերգում եմ ես այն մորը,
Որը ծնում և չի հոգում,
Թե ուր պիտի տեցավորի առանց այն էլ նեղ սենյակում
Նորածընի օրորոցը:
Գովերգում եմ ես այն օրը,
Որը գալիս ու տալիս է,
Ինչ երազել- տենչացել են ձիգ տարիներ:
Գովերգում եմ ես այն նորը,
Որը ոչ ոք չի հորինել...
Գովերգում եմ ես այն լավը,
Որ մեռնում է նրա մասին չցավելուց,
Եվ այն ցավը,
Որ ծնվում է շատ սիրելուց.
Եվ այն սերը, որ ոչ կույր է,
Ոչ էլ դիտմամբ` ակնոցավոր.
Գովերգում եմ և այն լուսե գաղափարը,
Որ չի դառնում նեղ կաղապար.
Այն կասկածը, որ ծնվում է հեգնող ցավով,
Հետո դառնում մի անկասկած ճշմարտություն
Ու բաց անում նոր ճանապարհ...
Գովերգում եմ այն երաշտը, որ մղում է ջրանցք շինել,
Այն ջրանցքը, որ չի շինվում արյան գնով,
Այն արյունը, որ թափվելուց զուր չի թափվում,
Այն թափվելը, որ վերստին հավաքելու հնար ունի,
Այն հնարը, որ չի խաբում,
Այն խաբելը, որ մղում է չեղած ճիշտը որոնելու,
Որոնումը, որ ի վերջո չի հասցնում մոլորումի,
Մոլորումը, որ ակամա վերջանում է մի նոր գյուտով...
ԱՊՐԵԼ
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես ու համառես,
քեզ հետ վիճի՛, քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի ինքը... հզոր Հանրությունը...
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես նրա՛նց համար,
Վերջալույսի նման բոցվես նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝ հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,
Որ նրանց հետ մթնես-ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...
ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...
Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...
Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...
Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...
Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...
Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի:
Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար...
Թե կուզես ՝ լռի՛ր,
Թե կուզես՝ ոռնա,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել-իզուր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել- իզուր...
Ու եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
-Պատահաբար են պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...
Դ ՈՒ
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...
Դո՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում...
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն...
Քո պատճառով
Քո աչքերի՛,քո աչքերի՛,քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր , ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։
Քո մատների՛,քո մատների՛ ,քո մատների՛ պատճառով
Իմ մատները,իմ մատները լույս են ուզում խմորել։
Քո թեւերի՛,բա՛ց թեւերի ,մե՛րկ թեւերի պատճառով
Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երեւում։
Քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։
Քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՛հ եմ դարձել։
Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս՝հպարտությունս հաղթողի:
Եկ հպարտ մնանք
Մեզ վիճակվեց - մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք ` երկու ցավի, երկու դավի ճանկում
Բռնվեցինք մի նոր , չկրկնվող սիրով:
Ու վիճակվեց... ապրել մեկս մեկից բաժան,
Մեկս մեկի համար, առանց մեկս մեկի,
Քեզ ` չազատել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ` չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ...
Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ...
Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա –
Եթե վիճակվել է... չվիճակվել իրար...
Լավագույնը
Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ,
Փակ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների`
Բաց աչքերովը:
Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:
Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:
Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի կամանեում հսկա կայսրություն:
Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:
Լավագույն դիմակն այն է, անակասկած,
Որ կոչվում է դեմք:
Լավագույն դերը`
Վատ խաղացվածը:
Լավագույն սերը `
Կիսա~տ թողածը:
Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է<երգերու>:
Լավագույն կապիկն աշխարհում <Էլի~>
Մարդն է երևի:
Լավագույն մարդն էլ <ոչ մի երևի>
Ներեցեք... ես եմ...
Մեղանչել - Զղջում եմ
Պատահել է, որ չեմ սիրել,
Բայց, չգիտե՞մ ` ինչ՞ի համար ,
Չեմ զլացել անսեր տիրել.
Գրկել եմ կամ համբուրել եմ:
Չեմ ընդունել սրտիս խորքում,
Սակայն լռել – համբերել եմ:
Ես շատ հաճախ այն չեմ տվել , -
Մեղանչել եմ, - կարո~ղ էի.
Ու շատ հաճախ ցած եմ թևել,
Իսկ վեր թևել կարո~ղ էի:
Եվ փախուստ եմ ինձնից տվել`
Ուրիշ տեղ եմ իզուր չվել –
Օտա~ր ոլորտ ` օտա~ր թևով,
Մինչդեռ մնալ կարո~ղ էի,
Կարո~ղ էի և - պարտավոր:
Մեղավոր եմ հույսի համար,-
Չարդարացա~վ `
Ոչ իմ մեղքով .
Եվ կենդանի այն հավատի,
Որ քարացա~վ`
Ոչ իմ մեղքով .
Եվ այն բարի սրտի համար.
Որ չարացա~վ`
Ոչ իմ մեղքով :
Մեղանչել եմ
Եվ այն ըմբոստ երգի առաջ,
Որ խոհեմս պատառեցի.
Այն խոհերի մահվան համար,
Որոնց ծինը խաթարեցի.
Մեղավոր եմ և քո առաջ,
Որ...սիրելուց դադարեցի,
Եվ այն ներման, որ բռնությամբ
Իմ լայն սրտից վտարեցի...
Իսկ ճիշտ ասած`
Ընդհանրապես մեղա գալու քիչ բան ունեմ.
Հովհաննես Թումանյան քառյակներ
Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խաւար մի ծով ահագին
Էն սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին։
***
«Անց կացա՜ն...»
Անց կացա՜ն...
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
***
Վերջացա՜վ...
Կյանքըս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՜վ
* * *
Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծըղրիդներ,
Ո՞վ է լըսում հիմի ձեզ:
«Ե՛տ չեկա՜վ...»
***
Ե՛տ չեկա՜վ...
Գընա՜ց, գընա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մընաց, ե՜տ չեկավ:
***Ո՞ւր կորա՜ն...
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տըվին, լո՜ւռ կորան:
***Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։
***Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։
***Քանի՜ մահ կա իմ սըրտում,
Թափուր գահ կա իմ սըրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.—
Մահի ահ կա իմ սըրտում։
***Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բըռնում հանցավոր։
***Ե՜տ եկե՛ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։
***Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։
***Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
***Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չըկա`
Կըրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։
***Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել։
***
Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ...Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լուսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում,
Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ,-
Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հրամայել եմ, որ վրաս իշխես:
Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել,-
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սերին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել
Վահան Տերյան
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր...Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ`
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր....
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված` քեզ օտար եմ ես,
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ`
Եվ սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ:
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ով ես դու, ով ես,- բնավ չգիտեմ......
Վահան Տերյան
ԳՈՒՑԵ...
Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր
Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ,
Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր,
Ոչինչ է կյանքում հավիտենական:
Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:
Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս,
Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն
Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:
Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
Սովորես տեսնել առանց աչքերի,
Զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես,
Հպվես, բայց արդեն առանց ձեռքերի:
Գուցե մի բան քեզ հուշի, որ կյանքում
Հարուստ լինում են ոչ միայն փողով,
Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
Ու չի պակասում ուրիշին տալով:
Գուցե երբևէ պարզապես հիշես,
Որ ինչ-որ մեկին պարտք ես մնացել,
Գուցե զարմանաս, երբ հանկարծ պարզես,
Որ քեզնից մերժված այդ ինչ-որ մեկը
Պարտքը մոռացել ու ներել է քեզ:
Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
Փորձես զղջումով ինքնամաքրվել:
Երբ արհեստական լույսերից հոգնած`
Խամրած հայացքդ հառես արևին,
Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
Արձագանքելով Լույսի հպումին...
Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ..
Մայրս
Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծառավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս...
Հովհաննես Շիրազ
Կարոտ
Կարոտել եմ քեզ, իմ հայրենիք,
Վերքոտ սրտիդ անուշ երգերին,
Կարոտել եմ խաչքարների,
Ու վանքերի սուրբ աղոթքին:
Կարոտել եմ ժողովրդիդ,
Որ զոհ դարձավ քո հողերին,
Կարոտել եմ ժպիտներին,
Անհոգ, ուրախ մանուկների:
Ի՞ՆՉ ԱՐԱԾ, ՄԱՐԴ ԵՄ
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ.
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն.
Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ:
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ:
Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ:
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երսից այսպես հանդարտ եմ:
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ դեռ անավարտ եմ...
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է
Հասկացեք էլի, ի՞նչ արած ,մարդ եմ:
(Հ.Գ. Սահյանական )
Նոր տարի.☺☻Հումոր☺☻
Թող որ բերի այս Նոր տարին,
Մեզ բոլորիս լավն ու բարին,
Թող պարգեւի ամենն առատ,
Ինչի կարիք մենք ունենք շատ.
Մերժվածներին՝ փոխադարձ սեր,
Ճաղատներին՝ փարթամ մազեր,
Անտուններին՝ ամուր տանիք,
Կեղտոտներին՝ լավ տաք բաղնիք,
Բկլիկներին՝ գաթա ու կեքս,
Քառասնամյա կույսերին՝ սեքս,
Աղքատներին՝ մի կտոր հաց,
Հարուստներին՝ մի քիչ Աստված:
Հոգնածներին՝ հանգստություն,
Հնազանդին՝ ըմբոստություն:
Հիվանդներին՝ առողջություն,
Առողջներին՝ հաջողություն,
Չինովնիկին՝ շնորհք ու խելք,
Սաֆարյանին՝ մի նորմալ երգ,
Վանականին՝ զանգի ղողանջ,
Փեսաներին՝ սիրող զոնքանչ,
Հարսներին էլ՝ սիրող սկեսուր,
(Որ ինձնից չբողոքեն զուր),
Շախմատիստին՝ նոր նվաճում,
Մեր բլոգին՝ բարգավաճում:
Ինձ թող բերի այս Նոր տարին,
Վարկանիշներ, խոսքեր բարի,
Հա՜, ու մեկ էլ մի գիշեր գեթ
Անջելինա Ջոլիի հետ: :)
Սիրահարվածը
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման…
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,-
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ… փախչում… և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ…
Վահան Տերյան,
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման…
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,-
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ… փախչում… և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ…
Վահան Տերյան,
Մի աղջկա
Կարող էր այնպես լինել,որ մենք
Չճանաչեինք իրար երբեք,
Չհանդիպեինք մենք իրարու,
Լինեինք անվերջ,անվերջ հեռու.
Չգիտեմ կյանքս ինչպես կանցներ,
Դատարկ օրերս ով կլցներ
Քո մաքուր խոսքով ու էությամբ,
Սիրով,հավատով, երջանկությամբ:
***
Ես լավ գիտեմ,որ տանջվում ես
Անգութ սիրո ճանկերում
Բայց ինձանից թաքցնում ես
Կարծում ես չեմ հասկանում:
Հովերն հարցրին,ինչու ես տխուր,
-Խռովեց,-ասի սիրածս ինձնից,
Թողեց հեռացավ չգիտեմ թե ուր,
Գուցե մոռանա չսիրի էլ ինձ:
-Ոչինչ,-ասացին,-մի քիչ դիմացիր,
Սիրող սրտերին մոռացում չկա,
Եթե սիրում է,կգա ,դիմացիր
Եթե չի սիրում ,լավ է ,որ չգա:
***
Գոնե հեռվից սիրեմ քեզ,
Չմերձենամ,չգրկեմ,
Լինեմ հեռու,լինեմ քեզ
Ինձ քեզանից չզրկեմ:
Քեզ եղբոր պես մոտենամ,
Եղբայրաբար համբուրեմ,
Բոլոր օրերս քեզ տամ
Սպասեմ ու համբերեմ:
Կարոտս տամ երգերին,
Չար բախտիս դեմ գազազեմ,
Մնամ քո ճորտն ու գերին,
Քեզ հավիտյան երազեմ….
Չճանաչեինք իրար երբեք,
Չհանդիպեինք մենք իրարու,
Լինեինք անվերջ,անվերջ հեռու.
Չգիտեմ կյանքս ինչպես կանցներ,
Դատարկ օրերս ով կլցներ
Քո մաքուր խոսքով ու էությամբ,
Սիրով,հավատով, երջանկությամբ:
***
Ես լավ գիտեմ,որ տանջվում ես
Անգութ սիրո ճանկերում
Բայց ինձանից թաքցնում ես
Կարծում ես չեմ հասկանում:
Հովերն հարցրին,ինչու ես տխուր,
-Խռովեց,-ասի սիրածս ինձնից,
Թողեց հեռացավ չգիտեմ թե ուր,
Գուցե մոռանա չսիրի էլ ինձ:
-Ոչինչ,-ասացին,-մի քիչ դիմացիր,
Սիրող սրտերին մոռացում չկա,
Եթե սիրում է,կգա ,դիմացիր
Եթե չի սիրում ,լավ է ,որ չգա:
***
Գոնե հեռվից սիրեմ քեզ,
Չմերձենամ,չգրկեմ,
Լինեմ հեռու,լինեմ քեզ
Ինձ քեզանից չզրկեմ:
Քեզ եղբոր պես մոտենամ,
Եղբայրաբար համբուրեմ,
Բոլոր օրերս քեզ տամ
Սպասեմ ու համբերեմ:
Կարոտս տամ երգերին,
Չար բախտիս դեմ գազազեմ,
Մնամ քո ճորտն ու գերին,
Քեզ հավիտյան երազեմ….